Իսրայելում ազատ են արձակել ծնվելու պահից տանը կողպված 14-ամյա տղային
Իսրայելի Խադերա քաղաքում ազատ են արձակել 14-ամյա տղային, որին ծնողները ծնվելու պահից կողպված են պահել տան մեջ: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Ինչպես հայտնել է տղան ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն տնից դուրս էին հանում ամիսը մեկ կամ երկու անգամ, սովորաբար՝ գիշերը: Երբեմն նրան պահել են պատշգամբում տեղադրված վանդակի մեջ:
Նշվում է, որ երեխայի ծնողները ձերբակալվել են: Նրանց խոսքով՝ իրենք որդուն դուրս չեն թողել՝ անհանգստանալով նրա առողջության համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարևանները բազմիցս բողոքել են իշխանություններին բնակարանից տարածվող տհաճ հոտի պատճառով: Շենքի բնակիչներից մեկը տեսել է երեխային պատուհանի մոտ և հայտնել նրա մասին: Նրա խոսքով՝ երեխան «սարսափ ֆիլմի զոմբիի տեսք է ունեցել»:
«Ես տեսա նրա աչքերը: Թվում էր՝ նա օգնություն էր խնդրում ինձնից: Այդ ժամանակ որոշեցի մի բան անել», - պատմել է հարևանը:
Հայտնի է, որ երեխայի ծնողները մոտ 60 տարեկան են. նրանք Ռուսաստանից Խադերա են տեղափոխվել 2009 թվականին: Զույգն իշխանություններին չի հայտնել երեխա ունենալու մասին և դպրոց չի ուղարկել նրան:










