Չինաստանում գտնվող միևնույն բնակելի տանը մեկ տարում 48 ավտոմեքենա է բախվել

13:17 • 12.05.17

Անցած տարվա ընթացքում չինական Հեյլունցզյան նահանգում ավտոմեքենաները միևնույն բնակելի տանը բախվել են 48 անգամ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Beijing Youth Daily-ին:

Հաճախ վարորդները, փորձելով բարդ շրջադարձ իրականացնել, չեն կարողանում պահպանել փոխադրամիջոցի կառավարումն ու մխրճվում են խաչմերուկում գտնվող տան մեջ: Տան բնակիչները հաշվում են վթարներն այդտեղ տեղափոխվելու պահից ի վեր:

Պարբերականի տվյալների համաձայն՝ տանը բնակվող ամուսնական զույգն «Ավելի դանդաղ վարեք» գրությամբ մեծ դեղին վահանակ է տեղադրել ճանապարհի մոտ: Հաճախակի վթարների պատճառով զույգն իր դստերն արգելել է խաղալ փողոցում:

Հայտնի է, որ նահանգի իշխանություններն ուսումնասիրում են այս խնդիրը:

«Եթե իմանայինք, որ պաշտոնյաները պատրաստվում են խաչմերուկ կառուցել այստեղ, հողամաս կգնեինք ավելի հեռու տեղանքում: Ավելի վաղ այստեղ մայրուղի է եղել, որտեղ նույնպես շատ մեքենաներ են վթարի ենթարկվել»,- ասել է տան բնակչուհին:

Նշվում է, որ վերջերս զույգն աղյուսե պատ է կառուցել տան մոտ: Նրանք հույս ունեն, որ այսպես ավտոմեքենաները կբախվեն պատնեշին՝ վնաս չհասցնելով իրենց տանը: