Նոր Գեղիում ավտոմեքենայի մեջ գլխի շրջանում  հրազենային 2 վնասվածքով հայտնաբերված քաղաքացու սպանությունը բացահայտվել է. ՔԿ

16:05 • 12.05.17

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։ 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, մշակվել քննչական պլան և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ Վ. Մարգարյանի սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հանդիպել է համադասարանցու հետ և միասին իր ավտոմեքենայով գնացել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ:  Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ. Մարգարյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները պատճառվել են համադասարանցու կողմից արձակված կրակոցների հետևանքով։ 

Քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի համադասարանցուն՝ 1971 թվականին ծնված տղամարդուն, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: