Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Թուրքիայում գերմանացի լրագրողի ձերբակալության մասին հաղորդագրությունները

16:58 • 12.05.17

Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատում է Ստամբուլում գերմանացի լրագրող և թարգմանիչ Մեսալա Թոլուի ձերբակալության մասին հաղորդագրությունները: Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նա հայտնել է, որ Etha լրատվական գործակալության համար աշխատող լրագրողն ապրիլի 30-ին ձերբակալվել է, իսկ մայիսի 6-ին կալանավորվել, ինչի մասին թուրքական իշխանությունները չեն տեղեկացրել Գերմանիայի ԱԳՆ-ին:


«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք ինտենսիվորեն աշխատում ենք, փորձում ենք բոլոր նախատեսված միջոցներով հասնել տիկին Թոլուի հետ հանդիպման»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:


Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, դատավորը Թոլուի ձերբակալության օրդեր է տրամադրել ահաբեկչության քարոզչության և ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքով: 2007 թվականին Թոլուն Գերմանիայի քաղաքացիություն է ստացել և հրաժարվել թուրքական քաղաքացիությունից: