Ռուսաստանում զոքանչի հաշվին ապրող փեսան թալանել է նրան՝ թույլ չտալու համար զոքանչի տեղափոխությունն այլ քաղաք

16:06 • 12.05.17

ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչը թալանել է իր ընտանիքը պահող զոքանչին, որը պլանավորել էր տեղափոխվել Սոչի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՆԳ նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Կիսելյովսկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա զոքանչը ոստիկանություն է դիմել: Պարզվել է, որ նա ունեցել է զոքանչի բնակարանի բանալին, ինչի շնորհիվ անարգել մտել է ներս, բացել չհրկիզվող պահարանը և գողացել 3,6 միլիոն ռուբլի և 1,5 հազար եվրո, այնուհետև գումարը թաքցրել իր ավտոմեքենայի բեռնախցիկում:

Տղամարդու խոսքով՝ զոքանչի՝ Սոչի տեղափոխվելու պլանները ձեռնտու չեն իրեն, քանի որ իր ընտանիքը ֆինանսապես կախված է նրանից: Նա որոշել է գողանալ գումարը՝ այսկերպ փորձելով տապալել Սոչիում տուն գնելու վերաբերյալ նրա գործարքը:

Նշվում է, որ ոստիկանները տուժածին վերադարձրել են գողացվածը, իսկ չարագործին սպասվում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում: