Washington Examiner-ում Ալեքսանդր Մուրինսոնի պատվիրված հոդվածով Ադրբեջանը ոչնչի չի հասնի. Սուրեն Սարգսյան

22:19 • 12.05.17

 Washington Examiner-ում  Ալեքսանդր Մուրինսոնի  հոդվածի շեշտադրումները, թե Ռուսաստանը Հայաստանի հետ նոր դաշինք է պատրաստում, որը կարող է անսպասելի հարված դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերին, արտահայտում է միմիայն իր մասնավոր կարծիքը, այլ ոչ  Արևմտյան փորձագիտական շրջանակներում  առկա  տեսակետը:

Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝անդրադառնալով ամերիկյան «Washington Examiner»-ի  հեղինակ Ալեքսանդր Մուրինսոնի «Վերջին 6 ամիսներին ռուսական զինամթերքը հոսում է դեպի Հայաստան» վերնագրով հոդվածին:

«Նման հոդվածներ Ադրբեջանը պարբերաբար ամերիկյան մամուլում պատվիրում է: Դա իրենց խավիարային դիվանագիտության շրջանակներում է: Բայց չեն կարող նման էժան հոդվածներով հասնել լուրջ հաջողության: Մանավանդ, որ մենք այնտեղ ունենք համայնք, որն ուժեղ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը և  Ռուսաստանը քննարկելու են Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու հարցը, հոդվածագիրը նշել էր, թե սա պետք է ահազանգ լինի Վաշինգտոնի համար, քանի որ նշանակում է՝ Ռուսաստանը հաջորդ քայլն է անում իր ռազմական ներկայությունն ավելացնելու և Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր գործողությունների մեկնակետ դարձնելու ուղղությամբ:

Բացի դրանից՝ հոդվածագիրը, ընդգծելով, որ ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի տարածքում և որ 2016-ի նոյեմբերին Հայաստանը միացել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին, գրել էր. «Ռուսաստանի և Հայաստանի օրեցօր խորացող ռազմական ալյանսն ուղղակիորեն սպառնում ՆԱՏՕ-ին: Պետդեպի նախկին մամուլի խոսնակ Ադամ Էրելի խոսքով՝ Հարավային Կովկասում ռուսական զինուժի դիրքերի ամրապնդումը վտանգում է ՆԱՏՕ-ի և կառույցի արևմտյան գործընկերների շահերը: Վերջին 6 ամիսներին, քանի որ Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները և Մոսկվայի ճնշումը Թուրքիայի վրա ինտենսիվացել են, ռուսական զինամթերքը պարզապես հոսում է դեպի Հայաստան: Արդեն Հայաստանում են Наводчик-2 և Тахион անօդաչու թռչող սարքեր, Ми-24 կործանիչներ և  Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգեր»:

Նշենք, որ  հոդվածագիրն առաջարկել էր Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը  բացեիբաց քննադատել, Հայկական հանձնախմբի անդամներին նկատողություն տալ, իսկ  Հայաստանին ֆինանսական աջակցությունը՝ դադարեցնել:

Ամեն դեպքում, չնայած հայամետ կոնգրեսականների՝ 2016-ին  Հայաստանի համար 40 միլիոն դոլարի աջակցություն ստանալու առաջարկին, հաստատվել է միայն 18.4 միլիոն դոլարի աջակցություն:

Սուրեն Սարգսյանը նկատեց, որ, այո, կա կրճատում, բայց ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Այսինքն՝ ողջ աշխարհին տրամադրվող օգնության կրճատումը «Foreign assistance» ծրագրով:

«Այսինքն՝ Միացյալ Նահանգները դրսի համար փող ծախսելու որևէ տրամադրվածություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի աջակցությանը, ապա Թրամփի առաջարկած բյուջեով՝ Ադրբեջանին ցուցաբերվում է 0 օգնություն, Հայաստանի համար ընդամենը կրճատել են: Ճիշտ է՝ 70 տոկոսով»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

Արձանագրելով, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն հետաքրքրված են ԻՊ-ի դեմ պայքարում, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս առումով հակառակը՝ Հայաստանը միայն կարող է օգտակար լինել և ներգրավված լինել Իսլամական պետության դեմ պայքարում: «Մենք միայն կարող ենք օգտակար լինել Վաշինգտոնի և Ռուսաստանի համագործակցությանը, մեր ռազմաբազան նույնպես կարող է օգտակար լինել»,- ասաց քաղաքագետը: