Թրամփի ինքնաթիռը հրդեհման վտանգի մեջ է եղել. CNN

10:17 • 12.05.17

VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր հրդեհվել և պայթել օդում Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշնային իշխանությունների զեկույցը:


Զեկույցում նշվում է, որ մի քանի մեխանիկ 2016 թվականի ապրիլին իրականացրել են ինքնաթիռի սպասարկումը Սան Անտոնիոյում գտնվող Boeing-ի գործարանում և օգտագործել են աղտոտված գործիքներ VC-25-ի թթվածնային սարքավորումից արտահոսք որոնելու համար: Արդյունքում՝ նախագահական օդանավի թթվածնային սարքավորումն աղտոտվել է մասնիկներով, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել թթվածնի հետ: Դա, ինչպես նշում է CNN-ը, կարող էր հանգեցնել թռիչքի ընթացքում հրդեհման կամ պայթյունի:


Ավելի քան մեկ տարի առաջ թույլ տրված խախտման մասին հայտնի է դարձել, երբ մեխանիկներից մեկն անփութության մասին հայտնել է ղեկավարությանը: Նշվում է, որ նախագահական օդանավին հասցված վնասը գնահատվել է 4 միլիոն դոլար: