Փաստաբանների պալատն ամբողջատիրական աղանդ է, ամեն ինչ որոշում է Զոհրաբյանը. Տիգրան Աթանեսյան
Փաստաբանների պալատի նախագահն Արա Զոհրաբյանն անցել է հարձակման՝ նպատակ ունենալով զրկել ինձ և իմ ընկերներին փաստաբանի արտոնագրից. իր Facebook-ի էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Tert.am-ի հետ զրույցում փաստաբանը պարզաբանեց, որ եթե մեկ տարվա մեջ ստանում ես 3 կարգապահական վարույթ, ապա արտոնագիրը կարող է դադարեցվել:
«Իմ և Արմեն Սողոմոնյանի համար արդեն երրորդ կարգապահական վարույթն է, իսկ Արթուր Բարսեղյանի համար առաջինն է, որը տրվել է անհիմն, անիմաստ ձևով՝ կապված ֆեյսբուքյան մի գրառման հետ, այսինքն՝ Պալատը լրիվ չափերը կորցրել է և չի իմանում ինչի համար է, ում համար է, առհասարակ ինչու է ստեղծվել փաստաբանությունը և ինչ ինքնակարգավորման գործառույթ ունի»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ոչ միայն այս, այլ մյուսները միանձնյա որոշումներ են այդ պալատում: «Որովհետև դա ամբողջատիրական աղանդ է, այլ ոչ թե Պալատ, և ամեն ինչ որոշում է Զոհրաբյանը, իսկ խորհուրդը և մնացած բոլոր հիմնարկները ձևական են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, փաստաբանը պատասխանեց, որ անկախ ամենից, թե ինչ կանի, դա կլինի հրապարակավ: «Ես պարբերաբար հանրությանը կտեղեկացնեմ, իսկ քայլեր ունենք, ընդորում՝ շատ»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանը նկատեց, թե ըստ էության տեղի ունեցածը փաստաբանական վեճ չէ: «Քրեորեն պատժելի արարքների է հասել մյուս կողմի համար, այնպիսի չարաշահումներ են, այնպիսի խայտառակ վիճակ է, որ էլ չգիտեն ինչ անեն, դիմում են այսպիսի ապօրինի և խայտառակ քայլերի»-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե իրավական կարգավորման ձև կա՞, փաստաբանը նշեց, որ խնդրի կարգավորման միակ եղանակը երկրորդ պալատ ունենալն է: «Սա որևէ այլ լուծում չունի, փաստաբանների պալատն անհույս կառույց է և որևէ ձևով հնարավոր չէ խնդիրը լուծել, քան վերադառնալ 98թ-ի բարեփոխումներին, երբ գոյություն ուներ մի քանի փաստաբանական միություններ և նման խնդիրներ բացառվում էր, որ առաջանան: Առաջարկը կլինի շատ հիմնավորված, այն որևիցե կերպ չի լինի մի քանի ջղային փաստաբանի առաջարկ, այն լինելու է ժամանակին, փաստարկված, հիմնավորված և հաշվի առնելով Արևմտյան Եվրոպայի փորձը»,-ասաց նա:










