Լեհաստանի նախագահը սահմանադրական հանրաքվեի անցկացման համար ամսաթիվ է առաջարկել

14:51 • 14.05.17

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար ամսաթիվ է առաջարկել. նրա խոսքով՝ ինքը ցանկանում է անցկացնել այն 2018 թվականի նոյեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Wiadomości-ն:

 
«Շուտով կհրավիրեմ հանրաքվեի հետ կապված հարցերով ներկայացուցչին: Իմ առաջարկած քվեարկությունը Սենատի համաձայնությամբ կարող է անցկացվել 2018 թվականի նոյեմբերի 11-ին կամ այդ ընթացքում», - ասել է նա:
 

Նախագահը նաև հիշեցրել է ներկայում գործող սահմանադրության ընդունման հանգամանքները. այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 42 տոկոս, ընդ որում` կողմ է քվեարկել մոտ 6,4 միլիոն, իսկ դեմ՝ ավելի քան 5 միլիոն ընտրող:

«Նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել եմ 8 միլիոն 600 հազար քվե, ահա թե ինչու հզոր սոցիալական մանդատ ունեմ այսպիսի քննարկում մեկնարկելու համար», - հավելել է Դուդան:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում Դուդան պարզաբանել է, որ հանրաքվեի ժամանակ ինքը ցանկանում է մասնավորապես բարձրացնել լիազորություններն իշխանական մարմինների միջև բաժանելու և նախագահին ավելի շատ լիազորություններ տրամադրելու հարցը: