Գասպարին սադրիչ բաներ էր անում, հիմա էլ դրսում պառկել է, նրա պատճառով կուտակումներ են լինում. 9/22 ընտրատեղամասի նախագահ (տեսանյութ)
Երևանի 9/22 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նույն տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում, թողել է աշխատանքն ու պառկել մուտքի դիմաց՝ ի նշան բողոքի ակցիայի:
Tert.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ առավոտյան մեկ անգամ հարվածել են իր ողնաշարին, երկու անգամ էլ իր տեսախցիկին են խփել:
Վարդգես Գասպարին նշեց, որ իրեն հարվածել է ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի վստահված անձը՝ Արթուր Կուղյանոսյանը: Նա նշել է, որ Կուղյանոսյանն իրեն հարվածել է դռան մոտ, իսկ մինչև այդ միջադեպը նույն տեղամասում իրեն հայհոյել ու հարվածել է հանձնաժողովի մեկ այլ անդամ:
«Ես խախտումները նկատում եմ, ասում եմ... Մեկ ուրիշ հանձնաժողովական էլ սեռական բնույթի հայհոյանքներ տվեց ինձ: Տեսել եմ, որ բեյջը վրան չի, երբ ես նկարում էի իրենց, իրենք հարվածել են իմ տեսախցիկին»,- ասաց նա:
Tert.am-ը փորձեց Արթուր Կուղյանոսյանից էլ ճշտել՝ ինչո՞ւ է հարվածել Գասպարիին, ինչպես վերջինս է պնդում: Կուղյանոսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, հորդորեց՝ զբաղվել գործով, ասաց, որ «բարակ ձայնով» իր հետ չխոսենք, որ իրեն հաճելի չէ պատասխանել հարցերին: Իսկ հետո Կուղյանոսյանը նշեց, թե Վարդգես Գասպարիին չի ճանաչում:
Ընտրատեղամասի նախագահ Արաքսյա Բաբաջանյանն էլ հավաստիացրեց, որ ընտրատեղամասում Վարդգես Գասպարիին որևէ մեկը չի հարվածել: Հակառակը, ըստ նրա, Գասպարին է սադրիչ գործողությունների դիմել:
«Բացարձակ որևէ բան չի եղել: Թող որևէ մեկն ասի, էսքան մարդ կա՝ վստահված անձինք կան, դիտորդեր կան, մեկը գոնե կասեր, որ նման բան է եղել… Հիմա իրա պատճառով դրսում կուտակումներ են լինում: Մենք դաժե ոստիկանությանը խնդրել ենք, որ գան: Ինքը սադրիչ բաներ էր անում, որ որևէ մեկին նյարդերից հանի: Օրինակ, մոտենում է աշխատողին , մոտիկից նկարում է, աշխատողն ասում ա՝ մի նկարեք, ես դեմ եմ: Ինքը դիտավորյալ նորից տանում է առաջ, որ հետո ասի՝ գիտեք, ինձ խանգարել են…»,- պատմեց Արաքսյա Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










