Ֆրանսիայի նախկին վարչապետը «սրիկաներ» է անվանել Օլանդին և Մակրոնին
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը «սրիկաներ» է անվանել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին և նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին՝ միևնույն ժամանակ հաջողություն մաղթելով Մակրոնին:
«Ես հնարավորինս սթափ եմ գնահատում Մակրոնին և նրա թիմը: Օլանդը սրիկա է, բայց նա սահմաններ ունի: Մակրոնը նույնպես սրիկա է, սակայն պահվածքի կանոններ չունի, ուրեմն՝ սահմանափակումներ էլ չունի», - ասել է Վալսը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում:
Դրանից բացի, Վալսն ասել է, որ ինքը հաջողություն է մաղթում նորընտիր նախագահին երկրի ղեկավարի պաշտոնում, քանի որ կարծում է, որ հենց Մակրոնն է իսկապես պաշտպանել Ֆրանսիայում բարեփոխումների գաղափարը, և հենց նրա ղեկավարության ներքո երկիրը կարող է վերածննդի հնարավորություն ունենալ:
«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ նա հաջողություններ ունենա: Վերածննդի և փոփոխությունների ցանկությունը եկել է Մակրոնից, ոչ թե Մելանշոնից կամ Լը Պենից, սա շանս է», - ասել է նա:
Քաղաքական գործիչը նաև ոչ մի վատ բան չի տեսնում Մակրոնի և Նապոլեոն Բոնապարտի պահվածքի նմանության մեջ և կարծում է, որ Մակրոնը հաղթանակ է տարել ոչ թե իր նախընտրական ծրագրի շնորհիվ, այլ այն պատճառով, որ, ի տարբերություն Ֆրանսուա Օլանդի, «զբաղվել է քաղաքականությամբ»:
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Նա ստացել է ընտրողների ձայների 66,06 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, որը ստացել է ձայների 33,94 տոկոսը։










