Քվեարկության օրվա հրապարակումների մեծ մասը վերացական և ընդհանուր բնույթ է կրել. Սևակ Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա նշեց, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը մինչև 15:00-ն ուսումնասիրել է հասանելի բոլոր հրապարակումները:
«Մինչև քվեարկության նախորդ օրը ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից աշխատանքային խումբն առանձնացրել է 9 մամուլի հրապարակում, որոնք պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություններ: Դրանք ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու համար»,-ասաց նա և նշեց, որ այդ 9 հրապարակումներից 5-ը վերաբերել է առերևույթ ընտրակաշառք տալու հանգամանքին, 3-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատությանը և 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ուսումնասիրած հրապարակումներից աշխատանքային խումբն առանձնացրել է 37 հաղորդում, որոնցից 25-ը հրապարակումներ են, իսկ 12-ը ոստիկանության համապատասխան բաժիններում ստացած ահազանգեր, որոնք հիմնականում վերաբերել են ընտրողներին ուղղորդելուն, կամ՝ ազատ կամքի իրականացումը խոչընդոտելուն ու կուտակումներին, իսկ կրկնակի քվեարկության փորձերը էապես նվազել են:
«Քվեարկության օրվա հրապարակումների մեծ մասը կրել է վերացական և ընդհանուր բնույթ, և հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնում քվեարկության խցիկների կահավորումների, տեխնիկական սարքավորումների խափանմանը, չհրկիզվող պահարանի՝ տեսախցիկի տեսադաշտից դուրս գտնվելուն, որոնք, ըստ էության, աշխատակարգային խախտումներ են»,-ասաց նա:










