Խախտումների վերաբերյալ ահազանգեր չկան, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով. թիվ 2 և թիվ 5 ընտրատարածքների հանձնաժողովների նախագահներ
Թիվ 2՝ Նոր Նորքի տարածքային ընտրական հանձնաժողովում ժամը 11-ի դրությամբ խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Մարատ Սևոյանը:
«Տեղամասերում ամեն ինչ հանգիստ է ընթանում, կուտակումներ չունենք»,- նշեց Սևոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ընտրություններին մասնակցության հստակ թվեր չի կարող ասել, քանի որ դեռ նոր են հաշվում. «Հիմա այդ աշխատանքի վրա ենք: Բայց տեղամասերում մոտավորապես 250-300 մարդ է մասնակցել, այդ միջակայքում է, չնայած տեղամաս կա, որ 180 հոգի է քվեարկել»:
Թիվ 5՝ Դավթաշեն վարչական շրջանն ընդգրկող տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Պետրոսյանն էլ հայտնեց, որ ընտրություններն ընթանում են շատ նորմալ, բնականոն հունով:
«Թեթև ինչ-որ կուտակումներ են եղել, որոնք մենք տեղում կարգավորել ենք, ուրիշ արտառոց դեպքեր չկան: Այս պահին էլ մեր աշխատողները տարածքներում են շրջում և ես անձամբ ուղիղ հեռարձակմամբ հետևում եմ»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ընտրատարածքի յուրաքանչյուր տեղամասում, միջինացված թվով, 200-250 քաղաքացի է մասնակցել ընտրությանը:










