Հս. Կորեայի բալիստիկ հրթիռն ընկել է Ռուսաստանի ափերից ոչ հեռու. Թրամփն արձագանքել է

10:50 • 14.05.17

Հյուսիսային Կորեայի իշխանությունները, շարունակելով անտեսել միջազգային հանրության նախազգուշացումները, կրկին բալիստիկ հրթիռ են արձակել, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ այն ընկել է Ռուսաստանի ափերից ոչ հեռու:

Աղբյուրը նշում է, որ հրթիռն ընկել է Պրիմորյեի երկրամասի ափից 100 կմ հեռավորության վրա:

CNN-ը նկատում է, որ Պրիմորյեի մայրաքաղաք Վլադիվոստոկում տեղակայված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմը:

Հայտնի է, որ ԱՄՆ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ բալիստիկ հրթիռն ընկել է ոչ թե Ճապոնիայի, այլ Ռուսաստանի ափերին մոտ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է, որ Ռուսաստանին դժվար թե ուրախացնի այս փաստը:

«Հաշվի առնելով, որ հրթիռը ռուսական տարածքներին այդքան մոտ է ընկել՝ փաստացի ավելի մոտ Ռուսաստանին, քան Ճապոնիային, նախագահը չի կարծում, որ Ռուսաստանին ուրախացրել է այդ փաստը»,-նշվում է հայտարարության տեքստում: