Ավանում գրանցված մասնակցության բարձր ցուցանիշն անսովոր չէ. Տիգրան Մուկուչյան

13:31 • 14.05.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում մինչև ժամը 11-ը գրանցած 11,19 տոկոս ընտրողների մասնակցությունը նորմալ, սպասելի ակտիվություն համարեց՝ հաշվի անելով, որ գործընթացին մասնակցում են երեք սուբյեկտներ՝ երկու կուսակցություն և մեկ դաշինք: Նա նշեց, որ շատ հաճախ ակտիվությունը պայմանավորվում է մասնակցության մեծ թվաքանակ: «Եթե մենք համեմատում ենք ԱԺ ընտրությունների հետ, ապա այս ժամի դրությամբ եղել է 14,5 տոկոս մասնակցություն»,-ասաց նա:

Նշենք, որ նախնական տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94,256, որը կազմում է ընտրողների 11,19 տոկոսը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում, որ օրինակ՝ Ավանում, որտեղի համայնքի ղեկավարն է եղել և որտեղ բնակվում է գործող քաղաքապետ և առաջադրված քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, 17.40 տոկոս մասնակցություն է եղել, նա ասաց, որ դա անսովոր չի կարելի համարել, քանի որ դրանք հենց եղած թվերն են։

«Չնայած այն հանգամանքին, որ օրենքով նույնիսկ չէր էլ նախատեսվում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսախցիկներ տեղադրել, դրանք տեղադրված են: Քաղաքական երեք ուժերին էլ տրված է հնարավորություն ավելի լայն  ձևով հետևելու այդ ամբողջ գործընթացին, ինչին հետևելով՝ կարող է յուրաքանչյուրը պարզել, որ այն թիվն է ներկայացված, որը համապատասխանում է  քվեարկությանը մասնակցած ընտրողներ թվին»,-ասաց նա և բնական համարեց, որ վարչական համայնքներում կան ընտրողների տարբեր թիվ և մեկ վարչական շրջանում կարող է այլ տոկոսային հարաբերություն լինել, այլ վարչական շրջանում՝ այլ:

Մասնավորապես, կես ժամ և ավելի ժամանակով հեռարձակումը խափանվելու վերաբերյալ ահազանգերի վերաբերյալ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ պետք է նկատի ունենալ 474 տեղամասային կետնրոնում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում և կարող է լինեն խափանման առանձին դեպքեր, ինչը բնական է: Նա նշեց, որ դրա պատճառները ամենատարբեր կարող են լինել, սակայն արագ արձագանքում են: