Ալեք Բոլդուինն ու Մելիսա ՄքՔարթնին պատկերել են Թրամփի և նրա մամլո քարտուղարի համբույրը (տեսանյութ)

19:40 • 14.05.17

Դերասաններ Ալեք Բոլդուինն ու Մելիսա ՄքՔարթնին Saturday Night Live երեկոյան հեռուստաշոուի ժամանակ կրկին ներկայացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մամլո քարտուղար Շոն Սփայսերի կերպարներով:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ծաղրապատճենման սցենարի համաձայն` Սփայսերը, իբրև թե, տեղեկանում է, որ Թրամփը մտադիր է ազատել իրեն աշխատանքից:

Սպիտակ տանը երկրի ղեկավարի և մամլո քարտուղարի միջև երկխոսություն է տեղի ունենում. «Դուք երբևէ խնդրե՞լ եք ինձ սուտ ասել», - հարցնում է Սփայսերի կերպարը մարմնավորող ՄքՔարթնին, ինչի ի պատասխան Թրամփի կերպարով Բոլդուինն ասում է. «Այն ժամանակվանից միայն, երբ սկսեցիր աշխատել այստեղ»:

Այնուհետև «Թրամփը» համբուրում է «Սփայսերին»` չնայած մամլո քարտուղարի դիմադրությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնալդ Թրամփը կրկին մտածում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում Շոն Սփայսերին փոխարինելու մասին:

Հայտնի էր դարձել, որ դերասանուհի Մելիսա ՄքՔարթնին Նյու Յորքում շրջել է Շոն Սփայսերի կերպարով: