Զարուհի Փոստանջյանը քվեարկեց «հանուն ազատության» (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց ընտրատեղամասերի բացվելուն պես: Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասաց, որ քվեարկել է հանուն ազատության: Նա ընտրողներին կոչ արեց եթե նույնիսկ որևէ գումար են ստացել՝ չքվեարկել գումարի պատվիրատուի հանձնարարությամբ:
«Հասկանալի է, որևէ մեկը չպետք է կաշկանդվի, պետք է գնա ընտրատեղամաս և ինչպիսի ճնշում էլ լինի՝ մերժի ՀՀԿ-ին: Նաև հորդորս է ոստիկանությանը այդ թաղային խուժանի նկատմամբ համապատասխան միջոցառում ձեռնարկի»,-ասաց նա:
Փոստանջյանի խոսքով՝ մենք այլևս չունենք ժամանակ և հնարավորություն ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով: «Ցնցումները մեզ բացարձակ պետք չեն և սա այն հումանիտար ճանապարհն է այս կեղեքիչ իշխանության համար, որով այդ հնարավորությունը տալիս ենք նրան հեռանալու, այս ճանապարհից ինքը պետք է օգտվի»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը, ըստ էության, չբացառեց հետընտրական զարգացումները և հաստատեց, որ եթե ոչ՝ ապա չի բացառում «ազգային հետընտրական ճակատ» բացելու հնարավորությունը:
«Եթե ոչ, կարծում եմ ինձ լավ եք ճանաչում, ես իմ կյանքում ունեցել եմ հաղթանակներ նաև փաստաբան լինելու տարիներին, հետևաբար ես հավատում եմ իմ ուժերին նաև մեր ժողովին, մենք ունենալու ենք նախադեպ և հաղթանակ, որը կարող ենք ստեղծել միասին այսօր: Այդ պատճառով կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս և անցնցում մերժել այս իշխանություններին, իրենք էլ որպեսզի օգտագործեն այս հումանիտար ճանապարհը»,-կրկնեց նա:
Հարցին, թե այսինքն՝ ընտրությունների արդյունքների ամփոփմանը կսպասեն Ազատության հրապարակում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ պարբերաբար կտեղեկացնեն այդ մասին:










