Հռոմի պապը խոստացել է Թրամփի հետ հանդիպման ժամանակ անկեղծ լինել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ անկեղծ կլինի Վատիկանում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ չնայած, որ ինքն ու 70-ամյա նախագահն ակնհայտ տարաձայնություններ ունեն մի շարք կարևոր հարցերի շուրջ:
Ինչպես նշում է Reuters-ը, պոնտիֆիկոսը նկատել է, որ ինքը Թրամփի հետ համակարծիք չէ միգրացիային և կլիմայական փոփոխությունների դիմակայմանն առնչվող հարցերում:
«Նույնիսկ եթե մարդիկ տարակարծիք են, նրանք պարտավոր են մեկը մյուսի հետ անկեղծ լինել: Մեր զրույցի ընթացքում տարբեր թեմաներ կքննարկվեն: Ես կհայտնեմ իմ տեսակետը, նա կասի իր մտածածը: Չեմ ուզում որևէ դատողություն անել, նախքան նրա կարծիքը լսելը»,-հավելել է Պապը:
Հայտնի է, որ Պապն այս մասին լրագրողներին ասել է Պորտուգալիայից Վատիկան թռչելու ճանապարհին:
Միևնույն ժամանակ, կաթոլիկների հոգևոր հովվապետը նշել է, որ մայիսի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ չի փորձի քարոզ կարդալ ԱՄՆ նախագահի համար:










