Արամ Աթեշյանի համար այլևս դժվար կլինի հետ դառնալը․Սահակ Մաշալյան
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեկչյանը ամենաուշը եկող ուրբաթ կլինի Ստամբուլում և կսկսի Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը․ Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան՝ նշելով, որ եթե Գարեգին սրբազանը Գերմանիայում իր գործերն ավելի շուտ ավարտի, ավելի շուտ կլինի Ստամբուլում:
«Արամ Աթեշյանն իրականում չի հրաժարվել պատրիարքի փոխանորդի իր պաշտոնից: Ինքն այդ բառը չի օգտագործել: Ասել է, որ տակավին դեռ փոխանորդ է, պարզապես նշել է, որ կաջակցի ընտրությունների գործընթացին, կընդունի Բեկչյանի տեղապահությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Արամ սրբազանի՝ փոխանորդի աթոռից չհրաժարվելը կարող է խնդիր լինել հետագայում:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին 2008 թվականից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն հրաժարական էր տվել:
Հիշեցնենք նաև, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ Արամ Աթեշյանը հանգստի գնացած Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ժամանակ կուսարարապետ էր, հիմա էլ ցանկանում է նույն պաշտոնին վերադառնալ: «Բայց դա տեղապահի հսկողության տակ է, և հարց է՝ տեղապահը այդ նշանակումը կանի՞, թե՝ ոչ»:
Գարեգին Բեկչյանը, ըստ Սահակ Մաշալյանի, ընդունել է Արամ Աթեշյանի ասածը: «Նա մեր հիվանդանոցում պատգամ է ուղղել, նշել է, որ Արամ Աթեշյանի ասածն ընդունել է, և պետությունն էլ է ընդունել ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Արդեն Արամ սրբազանի՝ վեհափառին ուղղված նամակն էլ մամուլին հայտնի է, շատ դժվար կլինի հետ դառնալը»,- ասաց նա:
Սահակ սրբազանի խոսքով՝ Արամ Աթեշյանի վարքագծի փոփոխության և Գարեգին Բեկչյանի տեղապահությունն ընդունելու որոշման վրա ազդեցություն է ունեցել և՛ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորը, և՛ համայնքի բացասական տրամադրվածությունը նրա նկատմամբ, ինչպես նաև՝ պետության վերաբերմունքը ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ըստ Սահակ Մաշալյանի՝ այստեղ կարևոր է նաև հանգամանքը, որ համայնքում ազդեցություն ունեցող բարերարներն են Արամ Աթեշյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխել:
«Հիմա արդեն ազդեցություն ունեցող մարդիկ Գարեգին Բեկչյանի կողմն անցան»,- ասաց նա՝ հավելելով՝ քանի որ Արամ Աթեշյանին վեհափառը, համայնքը չեն ընդունում, իսկ տեղապահը եկեղեցական օրենքներով ընտրված է, հետևաբար Արամ Աթեշյանը պետք է տեղի տար:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ Գարեգին Բեկչյանի՝ Ստամբուլ վերադառնալուց հետո, հունիսի սկզբին արդեն կմեկնարկի ընտրությունների անցկացման գործընթացը: Նախ` Արամ Աթեշյանը պետք է ներկայացնի և փոխանցի պատրիարքարանի բյուջեն, հետո տեղապահ ընտրված Գարեգին սրբազանը զբաղվի մնացած գործընթացներով:










