«ՕՐՕ» հապավումը հոգեհարազատ չեմ համարում, ժողովուրդը չմարսեց, թե սա ինչ մոդել է․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Չեմ կարծում, որ ՕՐՕ (Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան) հապավումը այլ կիրառում կունենա, դա միայն նախընտրական դաշինք էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Սարդարապատի հուշահամալիրում՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք ՕՐՕ-ն դառնալո՞ւ է կուսակցություն, ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես՝ ինքս, ՕՐՕ հապավումը հոգեհարազատ չեմ համարում, դա նախընտրական դաշինք էր, որտեղ կային գեներալ Օհանյանի, նախկին նախարար Օսկանյանի և մեծն գրող Րաֆֆիի անունների առաջին տառերը, դա նախընտրական դաշինք էր, հիմա՝ իրականության մեջ անհրաժեշտ է, որպեսզի նոր ուժ ստեղծվի՝ տարբեր ուժերի միացման եղանակով, ոչ միայն որպես ձև, այլ որպես բովանադակություն՝ ավելի լայն և ավելի խորը»,- մանրամասնեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ մի քանի օր առաջ է հանդիպել Սեյրան Օհանյանի հետ, սակայն նրա հետ չի քննարկել նոր կուսակցություն ստեղծելու հարցը:
«Լավ կլիներ գեներալ Օհանյանին հարցնեիք, մոտ 10 օր առաջ հանդիպել ենք, նման բանի մասին չի խոսել ինձ հետ»,- շեշտեց նա։
Անդրադառնալով հարցին՝ ինչ հետևություններ են արել խորհրդարանական ընտրություններից, քանի որ նվազագույն շեմն էլ չեն հաղթահարել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք հետևություններ արել են։
«Նախ՝ չունենք ժողովրդավարական ընտրակարգ, երկրորդ՝ կեղծված հանրաքվեի վրա հիմնված նոր օրենսգիրք բերեցին, որ երկու ախոյաններ իրար դեմ չգնան 2013 թվականի նման, երբ ցնցվեց համակարգը: Այս իշխանապետությունը վախեցավ իշխանությունը կորցնելուց, կեղծեց հանրաքվեն և նաև վերջին ընտրությունները: Թիրախավորվեց մեր դաշինքը: Կարծում եմ՝ մեր դաշինքը նորարարություն ներկայացրեց. ես կայի, որ վաղուց ընդդիմադիր դաշտում էի, գեներալ Օհանյանը նոր էր եկել, նախարար Օսկանյանը մի քանի տարի առաջ, կարծում եմ, ժողովուրդը ժամանակ չուներ մարսելու, թե սա ինչ մոդել է: Ես կարծում էի, որ սա նորարար մոդել էր, որ այս մարդիկ, որ պետական պաշտոնյաներ էին, որ 4 տարի առաջ գուցե սպասում էի հարթակում, բայց ուշացած եկան ժողովրդի գիրկը: Հասկացան, որ պետական մեծ սխալ կա, պետական ցանկացած գործունյա պետք է հնարավորություն ունենա իր պաշտոնաթողությունից հետո ծառայել ժողովրդին»,-ընդգծեց նա:










