Եթե վարչապետը սկսում է, մենք իրեն թիկունք ենք. ճարտարապետը` շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին (տեսանյութ)
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն ուղղված հանձնարարականը: Նա զարմանալի չհամարեց, որ դա հենց վարչապետի կողմից է հնչեցվել և նշեց, որ դրական է վերաբերում նրա բոլոր նախաձեռնություններին` հաշվի առնելով քաղաքապետ եղած տարիներին Կարեն Կարապետյանի՝ նույնատիպ նախաձեռնությամբ հանդես գալը:
«Օրենսդրական դաշտով պետք է լուծել այս խնդիրը, և բոլոր քաղաքակիրթ քաղաքներում կանոնակարգային օրենսդրական դաշտ գոյություն ունի, իսկ մեզ մոտ դա բացակայում է։ Խնդիրը հատկապես վերաբերում է կենտրոնի կառուցապատման օրենքին»,-ասաց նա:
Ճարտարապետը համաձայնեց, որ մինչ այս ով, ինչպես, ինչ ճաշակով ցանկացել է՝ կառուցապատում է իրականացրել, սակայն օրենքի ընդունումից հետո գտնում է, որ ամեն ինչ կկարգավորվի: Նա կարևորեց նաև պատժի մեխանիզմի կիրառումը:
Ինչ վերաբերում է արդեն նախկինում կառուցված շենք-շինություններին, ապա Սաշուր Քալաշյանը նշեց, որ դա ժամանակի ընթացքում պետք է ուղղվի: «Ճարտարապետությունը այն ոլորտն է, որտեղ սխալն ուղղելը տևական ժամանակ է պահանջում: Սակայն կգա ժամանակ, որ խանգարող բաները կհանենք»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ հետագայում լինի վատ շենքերի քանդում: Ըստ նրա` բոլոր կարգի լուծումների կարելի է գնալ, եթե շենքը վատ է կառուցված:
«Այն, ինչ այս տարիների ընթացքում գոյացավ տանիքների վրա, խայտառակություն է։ Ես արդեն ամաչում եմ որևէ տուրիստի ուղեկցել և ցույց տալ քաղաքը»,-ասաց Սաշուր Քալաշյանը և նշեց, որ մի օրում հարցը չի լուծվի, բայց դրա համար պետք է սկսել գործընթացը: «Եթե վարչապետը սկսում է, մենք իրեն թիկունք են»,-հավելեց նա:










