Առայժմ նպատակս մեկն է՝ կարողանամ քայլել. Ապրիլյան պատերազմի մասնակից

19:32 • 31.05.17

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ավետիս Զարգարյանն առ այսօր գտնվում է թիվ մեկ հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում: Նա պատերազմի օրերին ամենածանր վնասվածք ստացած զինծառայողն էր, որը հունվարին տեղափոխվել էր Մոսկվա և 3 ամիս բուժում ստացել:

«Ընդհանուր տրամադրվածությունս լավ է, Մոսկվայում 3 ամիս բուժվել եմ, այնտեղ արդյունք տվել է՝ շատ ամրացա: Հիմա էլ նույնը շարունակում եմ այստեղ, կամաց-կամաց փորձում եմ բուժվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսը:

20-ամյա Ավետիսը ծառայել է Թալիշում: Այդ օրերին կատարվածից ոչ մի բան հիշողությունից չի ջնջվել, ավելին՝ չի գիտակցում, որ դեպքերից արդեն 1 տարուց ավելի անցել է: Ավետիսը պատմեց, որ ընկերների կորուստը, իր ներկայիս վիճակը որևէ դետալ մոռանալ չի թողնում:

 


«Ապրիլի 4-ին առավոտյան եմ վիրավորվել: Կռիվը սկսեց ապրիլի 2-ին, մենք այդ օրը հերթափոխից նոր իջել էինք, գումարտակի վրա էլ կրակեցին, տագնապ տվեցին: Չկարողացանք նույն գիշերը բարձրանալ դիրքեր՝ կրակի տակ էր։ Ապրիլի 4-ին մենք վիրավորներ, դիակներ ունեինք՝ կողքի պոստում Գալստյան Հրաչը, Վարդանյան Գևորգը մահացել էին: Մեր վաշտի հրամանատար Արգիշտի Զաբոյանն առաջարկով հանդես եկավ, որ գնանք, բերենք: Ես էլ գնացի, 5-6 հոգով էին, հետո Արգիշտին հրամայեց, որ սպասենք, մինչև ինքը կրակի հրաման տա, հետո ինքը սկսեց կրակել, հրամանով մենք էլ մտանք մարտի: Կռիվ էր գնում մոտ 45 րոպե, բայց ես վիրավորվեցի։ Գիտեմ, որ Զաբոյան Արգիշտն էլ մահացավ, հետո արթնացա հիվանդանոցում»,- պատմեց Զարգարյանը:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը շեշտեց, որ իր կյանքը փրկելու համար շնորհակալ է զինընկեր Լիպարիտ Աբրահամյանին, որը կրակների միջոցով գնացել և օգնություն է բերել ու Ավետիսին հիվանդանոց են հասցրել:

«Ես շատ երախտապարտ եմ նրան, իր շնորհիվ է, որ այսօր ողջ եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչ օրս կապի մեջ են:

Ավետիսը զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր է եղել ատամնաբույժ դառնալ, սակայն այսօր երազանքները փոխվել են։ «Առայժմ նպատակս մեկն է՝ կարողանամ քայլել, իսկ մնացածը հետագայում պարզ կլինի»,-նշեց Ավետիսը:

Նա արդեն սահուն է խոսում՝ կրակել էին ծնոտին, ոտքերն էլ շարժում է, ինչը նրա համար արդեն հաղթանակ է, քանի որ ողնաշարի վնասվածքները բավականին լուրջ էին: Նրա խոսքով՝ բժիշկները քայլելու հույս տվել են՝ զգուշացնելով, որ երկար տարիների հարց է: Անկախ ամեն ինչից, նա այսօր դիրքերում գտնվողներին և ընդհանրապես բոլոր զինծառայողներին բարի ծառայություն է մաղթում:

«Ծառայող տղաներին մաղթում եմ բարի ծառայություն, անփորձանք վերադառնան, պատվով պահեն մեր դիրքերը: Վիրավոր տղաներին էլ առողջություն եմ ցանկանում, թող չհուսահատվեն, ամեն բան լավ կլինի»,-եզրափակեց Ավետիս Զարգարյանը:

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան