Ֆրանսիայի հետ համագործակցությունն ավարտվեց՝ դեռևս չսկսված. Պուտին

10:07 • 31.05.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցել միջազգային հանրության հետ, սակայն թե ինչու այդ համագործակցությունը չի ստացվում՝ պետք է հարցնել Եվրոպային:


Ինչպես հայտնում է ria.ru-ն, օրերս Պուտինն այցելել էր Ֆրանսիա ու առաջին անգամ հանդիպել նոր նախագահ Էմանուել Մակրոնին:

Լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանը չի կարողանում միավորել ջանքերը Եվրոպայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Պուտինն ասել է. «Այդ հարցը Եվրոպային ուղղեք: Մենք պատրաստ ենք: Ես այդ մասին ասել եմ դեռևս Միացյալ ազգերի կազմակերպության 70-ամյակին նվիրված ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից կոչ անելով  միավորել բոլոր երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարի համար: Բայց դա շատ բարդ գործընթաց է»:

Պուտինը հիշեցրել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստան էր եկել Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մենք նրա հետ պայմանավորվեցինք հստակ գործողությունների վերաբերյալ: Սիրիայի ափերին մոտեցավ «Շառլ դը Գոլ» ավիակիրը: Հետո Ֆրանսուան մեկնեց Վաշինգտոն և վերջ, «Շառլ դը Գոլ»-ը հետ շրջվեց ու գնաց Սուեզի ջրանցքի ուղղությամբ: Այդպիսով՝ իրական համագործակցությունը Ֆրանսիայի հետ ավարտվեց՝ դեռևս չսկսված»,-մանրամասնել է Պուտինը: