Պուտինը պատասխանել է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի 2018 թվականի ընտրարշավի անցկացումը Ռուսաստանի սահմանադրությանը խիստ համապատասխան, միևնույն ժամանակ նշել է, որ դեռ վաղ է խոսել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք գիտեք՝ մեր բոլոր վերջին ընտրարշավներն անցկացվել են ռուսական սահմանադրությանը խիստ համապատասխան: Եվ ես կանեմ ամեն բան նույնկերպ ապահովելու 2018 թվականի ընտրությունների անցկացումը, կրկնում եմ ևս մեկ անգամ՝ օրենքին և սահմանադրությանը խիստ համապատասխան»,- ասել է Պուտինը Figaro թերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն դրա իրավունքը, բոլոր մարդիկ, ովքեր կանցնեն օրենքով նախատեսված գործընթացները, անկասկած, կարող են և կմասնակցեն բոլոր մակարդակներում ընտրություններին՝ և՛ օրենսդիր ժողովների, և՛ խորհրդարանական, և՛ նախագահական:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ դեռ վաղ է խոսել ընտրություններին իր մասնակցության մասին:
«Ինչ վերաբերում է թեկնածուներին, այդ մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է նա:










