Մեր երազած Շվեյցարիան կամ Իսրայելը ազգ-բանակով են նման երկրներ դարձել. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի երկիր, ինչպիսին է Շվեյցարիան կամ Իսրայելը, բայց պարզվում է՝ նրանք ազգ-բանակով են այդպես դարձել: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, «Ազգ-բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դեմ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից եղել է ազգ-բանակ կոնցեպտի մեջ, բայց այժմ հնարավորություն է ձևավորվել հանրային քննարկումների միջոցով ներկայացնել խնդիրները:
«Յուրաքանչյուրը փորձում է գաղափարներ առաջարկել: Եթե այս իմաստով նայենք խնդրին, դրական արդյունքի կհասնենք: Հիմա ես չգիտեմ՝ ազգ-բանակի գաղափարի մեջ ինչ է դրված և դժվարանում եմ խոսել դրա մասին, գնահատել դա: Իմ պատկերացմամբ՝ ազգ-բանակում պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որտեղ կոռուպցիայի դեմ ենք պայքարելու: Ազգ-բանակը պետք է մեզ ոգեշնչել, որ պայքարենք բոլոր այն բացասական երևույթների դեմ, որոնք կան բանակում կամ ռազմական ինստիտուտում»,- նշեց Պողոսյանը:
Թևան Պողոսյանը նաև անդրադարձավ այն հարցադրումներին, որ մինչ ազգ-բանակին անցնելը Հայաստանում կան բազմաթիվ այլ խնդիրներ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը և այլն:
«Ո՞վ է ասել, որ ազգ-բանակը չի նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին: Իսկ մեր անվտանգության խնդիրը լուծվո՞ւմ է, եթե պատկերացնենք, որ Հայաստանը կոռումպացված երկիր չի: Եթե մեր դատավորները ազնիվ դատեն, վաղը կրակոցներ չե՞ն լինելու սահմանին»,- ասաց նա:










