Արցախը պետք է լինի բանակցային կողմ, Հայաստանն էլ պետք է աջակցի ԼՂ-ին. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Ինձ համար հասկանալի չէ, թե ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին զսպելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի մասին, ով ասել էր, թե այս իրավիճակում միջնորդները պետք է նաև կոնկրետ գործողությունների դիմեն:
Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել էր. «Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդություն, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլև՝ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն»:
Լևոն Շիրինյանն ասաց, թե իր համար հասկանալի չէ՝ ինչո՞վ է պայմանավորված Էդվարդ Նալբանդյանի ակնկալիքը, երբ ՄԽ համանախագահ երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հակամարտության կարգավորումը դիտարկում են այս հարցի համատեքստում:
«Հակամարտությունը կարգավորել նշանակում է հակամարտությունը կառավարել: Նրանք արտաքինից այն կառավարում են: Սա հավասարակշռության վերականգնման փորձ է, որովհետև հակամարտության կողմերից մեկը գերազանցություն է ձեռքբերել մյուսի նկատմամբ, հավասարակշռությունը խախտվել է, իսկ տվյալ պարագայում դա Ադրբեջանն է, որն այս տարիներին զինվել է»,- նշեց քաղաքագետը՝ հորդորելով պատրանքներով չապրել:
Հարցին՝ պետք չէ՞ ՄԽ հասցեական հայտարարությունից հետո ակնկալել պատժիչ գործողություններ, ապա Լ. Շիրինյանն ասաց, որ դա հնարավոր չէ, որովհետև ՄԽ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Մինսկի խումբը ոչինչ չի անի, որպեսզի Ադրբեջանը չխախտի հրադադարի ռեժիմը: ՄԽ համանախագահները Ադրբեջանի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Այստեղ այլ հարց կա, որ եթե մենք ուզում ենք դուրս գալ այս փակուղային իրավիճակից, պետք է քաջություն ունենանք, դուրս գանք բանակցային գործընթացից և ներառենք բանակցություններում Լեռնային Ղարաբաղը: Ես չեմ հասկանում՝ Հայաստանն ինչո՞ւ է բանակցային գործընթացում, երբ հակամարտության կողմ չէ. Արցախի ժողովուրդն է չէ՞ ինքնորոշման հարց բարձրացրել, հակամարտությունը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է չէ՞: Արցախը պետք է լինի բանակցային կողմ, մենք էլ աջակցություն ցուցաբերենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










