Քաթարի քաղաքացիներն այսուհետ ՀՀ մուտք կգործեն առանց վիզայի. Շավարշ Քոչարյան

14:01 • 01.06.17

Այսօր ՀՀ կառավարության նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Քաթարի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստան առանց մուտքի վիզայի մուտք գործելու վերաբերյալ նախագիծը, որը Հայաստանի մուտքի ազատականացման ընդհանուր քաղաքականության համատեքստում է:

«Որոշման ընդունումը ինչպես կնպաստի զբոսաշրջության խթանմանը, այնպես էլ հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,-ասաց Քոչարյանը և նշեց, որ Քաթարի քաղաքացիների համար հունիսի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընդհանրապես զբոսաշրջության կոմիտեից ցանկ ունե՞նք, թե իրենց պատկերացմամբ, որ երկրների հետ է վիզաների արտոնյալ ռեժմիմը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի:  Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հիմա քննարկվում է ևս մի շարք  երկրների հետ ազատականացման խնդիրը: