Նորատուսում բնակիչները դուրս են եկել բողոքի. արգելել են արդեն իսկ բռնած խեցգետինն արտահանել
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի և մտադիր են փակել միջպետական ավտոճանապարհը»
Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից Արարատն ասաց, որ բողոքի դուրս գալու պատճառն այն է, որ իրենց արգելվում է արդեն իսկ բռնած խեցգետինն արտահանել:
«Արգելում են արտահանել երկրից, մենք ասում ենք բասեինների մեջի ռակը, որը 150 -ից 200 տոննա է, թույլ տան արտահանենք, հետո իրենց արգելքը դնեն: Ասում ենք` մեզ թուղթ տվեք, դա արտահանենք, դրանից հետո քվոտա դրեք, ագելեք»,-ասաց նա:
Իսկ շուրջ 200 տոննա խեցգետինն ըստ նրա՝ նորատուսցիները գնել են: «Մենք գնացել ենք Բնապահպանության նախարարի մոտ, նախարարն ասում է` տարեք լցրեք ջուրը, դա՞ պատասխան է, ո՞նց կարող է մարդը փող տա առնի, հիմա տանի նորից լցնի ջուրը»,-ասաց նա և նշեց, որ գնել են ձկնոսներից են և արտահանման համար լողավազաններում պահեստավորել:
Նորատուսի բնակիչը նշեց, որ մինչև հիմա անարգել արտահանել են, քանի որ թույլատվություն եղել է, սակայն միանգամից որոշում է կայացրել ու արգելել, հաշվի չառնելով, թե կուտակածն ինչ պետք է արվի: «Ասում են չէ ու վսյո, բայց էտ 10 ռուբլի չի, 20 ռուբլի չի, մարդիկ տոկոսով էսօր փող են վերցրել, առել են, որ փող աշխատեն, հետո տանեն ջուր լցնե՞ն, տենց հիմար լուծում ո՞նց կարելի է տալ»,-ասաց նա:
Նորատուսցի Արարատն ասաց, որ ճանապարհի վրա կանգնած են և այս պահին արդեն եկել են մարզի Բնապահպանության վարչության պետի տեղակալը, նաև մարզի ոստիկանության վարչության պետը:










