Հռոմի իշխանությունները մտադիր են տարաբնակեցնել բոլոր գնչուական ճամբարները

17:37 • 01.06.17

Հռոմի իշխանությունները հայտարարել են քաղաքում գտնվող բոլոր գնչուական ճամբարները տարաբնակեցնելու մասին. նախաձեռնության համար միջոցները կստացվեն եվրոպական հիմնադրամներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այժմ մենք կարող ենք շատ հստակ հայտնել այն մասին, որ Հռոմում կլուծվի գնչուական ճամբարների խնդիրը»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին:

Համաձայն գնչուական կլանների և Հռոմի ղեկավարության պայմանավորվածության՝ առաջին հերթին կփակվի երկու խոշոր բնակավայր քաղաքի հարավ-արևելյան և արևմտյան ծայրամասերում:

Հռոմի իշխանությունները մտադիր են գնչուների ընտանիքներին առաջարկել բնակվել սոցիալական տներում կամ փոխհատուցել բնակարանների վարձույթի համար անհրաժեշտ գումարը՝ առավելագույնը 800 եվրո:

Նշվում է, որ գնչուների ճամբարները տարաբնակեցնելու մասին որոշման պատճառը մայիսի 10-ին ամբողջ Իտալիան ցնցած միջադեպն է, երբ սպանվեց երեք գնչու աղջիկ: Նրանք ողջակիզվել են Հռոմի ծայրամասում գտնվող իրենց կցասայլում: Հանցագործության կասկածյալներ են դարձել մեկ այլ գնչուական ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք, ենթադրաբար, իրականացրել են այն՝ կլանների միջև տիրող թշնամանքի պատճառով: