Սոցիալական ծառայություն ոլորտում ՎՊ-ն արձանագրել է չարաշահումներ 63 մլն. դրամի չափով

15:41 • 01.06.17

Վերահսկիչ պալատը հրապարակել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների մասով արված վերահսկողության արդյունքները: Վերահսկողության օբյեկտ են հանդիսացել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալությունները և բաժինները: ՎՊ-ի կողմից մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Արձանագրվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 30.01.2014թ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 145-ն որոշման մի շարք դրույթների խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Ջերմուկի քաղաքային համայնքի ենթակայության Ջերմուկի Սոցիալական աջակցության տարածքային բաժնի (այսուհետ` ՍԱՏԲ) վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով 63,618.0 հազ. դրամ գումարի չափով տարաբնույթ խախտումներ:

ՎՊ-ն ուսումնասիրել է նաև տարեցներին շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններ ի բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ: Վերահսկողության օբյեկտ են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ները: Արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ գնումների գործընթացում:

Կազմակերպություններում 2015 և 2016 թվականներին սննդամթերքի գնումների պլանները հաստատվել են առանց գների սահմանման: 2015-2016 թվականների գնումների գործընթացում ձևավորված և մատակարարված սննդամթերքի գները զգալիորեն աճել են 2014 թվականին մատակարարված փաստացի գների համեմատ, այն դեպքում, երբ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ վերոհիշյալ ապրանքատեսակների համար գնաճ տեղի չի ունեցել: Ըստ ՎՊ-ի հաշվետվության՝ խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջը, ըստ որի գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը:

Խախտումների մասին մանրամասները՝ ՎՊ զեկույցում: