Չի բացառվում, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված անձինք էլ երրորդ երկրի կողմից արտահանձնվեն ադրբեջանական կողմին. իրավաբան

21:50 • 01.06.17

Չի բացառվում, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված անձիք էլ երրորդ երկրի կողմից արտահանձնվեն ադրբեջանական կողմին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առևանգման և Ադրբեջան տեղափոխմանը:

Սիմոնյանի խոսքով՝ դեռ վաղ է ադրբեջանցի լրագրողի հետ կապված միջադեպը առևանգում որակել: Ըստ նրա՝ դա լրատվամիջոցների ներկայացրած ձևն է, իսկ հասկանալու համար առևանգո՞ւմ էր, թե՞ ոչ, պետք է ծանոթանալ գործի մանրուքներին:

«Վրաստանն ու Ադրբեջանն ունեն համապատասխանն միջազգային պամանագրեր, պայմանավորվածություն, համաձայն որի՝ եթե մի երկրի քաղաքացին հանցագործություն է կատարում մյուս երկրի տարածքում, ապա ձերբակալում և արտահանձնում են այդ երկրին: Այդ պայմանագիրը կա»,- նկատեց Սիմոնյանը:

Չնայած սրան՝ նա նշեց, որ Վրաստանն այդ պայմանագրերի առկայության պարագայում իրավունք ուներ չհանձնել  լրագրողին: Ըստ միջազգային իրավունքի փորձագետի՝ գրեթե բոլոր պետությունների ներքին օրենսդրությունում դրույթ կա, որ եթե անձը, ում պետք  է արտահանձնեն մի երկիր, որտեղ նա կենթարկվի անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կամ ոչ արդար դատաքննության արդյունքում կենթարկվի պատասխանատվության, ապա նման կասկածների առկայության պարագայում չեն հանձնում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը փորձի իր «սև ցուցակում» հայտնված մարդկանց էլ նման ձևով Ադրբեջան հասցնել, Սիմոնյանը պատասխանեց, որ Ադրբեջանի պարագայում ոչինչ չի բացառվում: Նշենք, որ ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ երկրի «սև ցուցակում» ներառված է 623 անուն: 

Սիմոնյանը հիշեցրեց Բելառուսի օրինակը, երբ լուրջ միջազգային իրավական խախտումներով բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվեց Ադրբեջանին:

«Ուղղակի այստեղ Վրաստանի դատական իշխանությունների ողջամտությունը կարծում եմ, կլինի: Վրացիները ավելի եվրոպական արժեքներ կրող են և ամեն դեպքում հարգում են մարդու իրավունքների պաշտպանությունը: Նրանք երրորդ երկրների քաղաքացիներին հանձնելիս շատ ավելի երկար կմտածեն, քան դա արեց Բելառուսը»,- ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ Այլ բան է տվյալ երկրի քաղաքացուն հանձնել իրեն, մեկ այլ բան է՝ երրորդ պետության քաղաքացու հանձնումը: Նրա վստահեցմամբ՝ այս պարագայում միջազգային իրավունքն ավելի է բարդանում և հանձնելու հավանականությունը ավելի է նվազում:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին առևանգել են Թբիլիսիում և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ: Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: