Եվրամիությունը հստակ հայտարարեց` պետք է վերջ տալ խաղերին, դադարեցնել ձևական պայքարը կոռուպցիայի դեմ և անցնել իրական գործողությունների. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունները պետք է իսկապես պայքարեն կոռուպցիայի դեմ, որպեսզի օտարերկրյա ներդրողները հետաքրքրվեն Հայաստանով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարության մասին, որ ՀՀ-ում կոռուպցիային պետք է պատասխան տրվի, եթե ներդրումների ակնկալիք կա:
Քաղաքագետն ասաց, որ Պյոտր Սվիտալսկին պարզ ասել է՝ եթե Հայաստանն ուզում է, որ արևմտյան ներդրումներ կատարվեն, պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, ոչ թե «իմիտացիա անի, շղարշներ ստեղծի, հակակոռուպցիոն նոր մարմիններ»:
«Կոռուպցիա ասելով, կարծում եմ, Արևմուտքն առաջին հերթին նկատի ունի մենաշնորհների դեմ պայքար, մենաշնորհի վերացում: ԵՄ դեսպանը հստակ ասաց, որ կոռուպցիայի դեմ իսկապես պայքարել է պետք, և ոչ թե ցույց տալ, որ պայքարում ես: Հայաստանում հիմա շատ են խոսում ներդրումների մասին, կառավարությունը ներդրումներին մեծ կարևորություն է տալիս: Բոլորին է հասկանալի, որ ՀՀ տնտեսության համար ներդրումներն այս պահին կարևոր են, որովհետև առանց դրանց տնտեսական աճն ապահովելն անհնար է»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղաքագետն ասաց, որ այսպիսով` Արևմուտքը հստակ ուղերձ է հղում, որ իրականում գիտեն՝ ինչ է կատարվում տնտեսական ոլորտում, ինչ մակարդակի կոռուպցիա կա և հորդորում է «վերջ տալ խաղերին, դադարեցնել ձևական պայքարը և անցնել իրական գործողությունների»:
«Կա պայքար կոռուպցիայի դեմ, կա ներդրում, չկա պայքար կոռուպցիայի դեմ՝ չկա ներդրում: Սա է ԵՄ մոտեցումը»,- ասաց Բադալյանը:
Իսկ Հայաստանի իշխանությունները, քաղաքագետի խոսքով, քիչ հավանական է, որ այս հայտարարությունից հետո գործողություններ սկսեն:










