Հանրապետության քննական կենտրոններում մեկնարկել են միասնական քննությունները
Այսօր` ժամը 09:30-ին, հանրապետության բոլոր քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները` կենսաբանություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է 13 քննական կենտրոն և երկու քննական կենտրոն` Արցախում:
«Կենսաբանություն առարկայի քննությանը պետք է մասնակցի 1171 դիմորդ, աշխարհագրության քննությանը՝ 271 դիմորդ, համաշխարհային պատմությանը` 88 դիմորդ: Քննությունների ընթացքը խաղաղ է, դեռ ահազանգեր չենք ստացել»,- ասաց նա:
Արա Իսպիրյանը հայտնեց, որ հաջորդ քննական հաջորդ օրը հունիսի 6-ն է` Հայոց լեզու և գրականություն առարկայից, որին պետք է մասնակցի 5200 դիմորդ:
«Հայոց լեզուն ամենամեծ քննությունն է, որի ժամանակ ունենալու ենք 29 կենտրոն ՀՀ-ում և 5-ը` Արցախում»,- ասաց ԳԹԿ տնօրենը:
Վերջինս նաև նշեց, որ դիմորդների ընդհանուր թիվն անցած տարվա առաջին փուլի դիմորդների թվի համեմատ նվազել է 1500-ով: «Այս տարի մենք ունենք 9800 դիմորդ, որոնք ցանկանում են հանձնել միասնական քննություն»,-ասաց նա և տեղեկացրեց, որ դիմորդների ընդհանուր թիվը չէ, քանի որ անցկացվում են նաև ներբուհական քննություններ:
ԳԹԿ տնօրենի պարզաբանմամբ՝ նվազումը պայմանավորված է տարբեր բաղադրիչներով, սակայն հիմնականում կապված է շրջանավարտների թվի նվազման հետ, քանի որ անցել ենք 12 ամյա կրթության: Արա Իսպիրյանի խոսքով՝ նույն պատճառով պայմանավորված մյուս տարի ևս կնվազի դիմորդների թիվը, իսկ այնուհետև արդեն կվերականգնվի:










