Սոցիալական քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն ունի, այն պետք է լինի ավելի հասցեական. տնտեսագետ
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն աննախադեպ բարձր ցուցանիշ է համարում, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում շուրջ 230.000 երեխա ապրում է աղքատության մեջ:
«Դրա պատճառը և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ քաղաքական խնդիրներն են: Աղքատության հիմնախնդիրը վերջին տարիներին ավելի է սրվել և խորացել»,-ասաց նա:
Նա նշեց, որ երեխաներն են երկրի ապագան, իսկ աղքատություն նշանակում է թերսնում, թույլ և ոչ որակյալ կրթություն, հոգեբանական խնդիրներ:
«Եթե ազգային տնտեսական անվտանգության տեսանկյունից նայենք, ապա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ սա և բացի տնտեսական ակտիվության վրա ազդեցությունից, կարող է ազդել ռազմաքաղաքականության տեսանկյունից, ինչն ավելի խոցելի կդարձնի երկիրը»-ասաց նա:
Տնտեսագետը գտնում է, որ աղքատության հաղթահարման ուղղությամբ պետությունը պետք է վարի ողջամիտ քաղաքականություն, պետք է բնակչության խոցելի խմբերի սոցիալական աջակցությունն ավելի մեծ լինի: Նա նաև այս համատեքստում կարևորեց հակաստվերային, հակակոռուպցիոն միջոցառումները, որոնք պետք է լինեն ավելի համակարգված և հետևողական:
«Կոռուպցիան, ստվերը ահռելի ռեսուրսներ են կլանում: Հայաստանում համախառն ներքին արդյունքի առնվազն 10 տոկոսը ստվերում կորչող գումարներն են»,-ասաց նա և նշեց, որ եթե այդ գումարները հարկվեն, ապա դրանցով կարելի է էապես թեթևացնել սոցիալական խնդիրը՝ հատկապես աղքատության խնդիրը:
Ատոմ Մարգարյանն ասաց, որ երեխային տրամադրվող նպաստը և հատկապես բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցությունը պետք է մեծացնել, քանի որ դա նաև դեմոգրաֆիական խնդիր է:
«Այսօր ընտանիքները հիմնականում ունենում են մեկ-երկու երեխա, սակայն այդպես կարելի է պարզ վերարտադրություն իրականացնել, իսկ բնական աճի առումով տխուր պատկեր է»,-ասաց նա և նկատեց, որ աղքատ ընտանիքներում մեծ թվով հաշմանդամներ կան և որոնց ուղղված սոցիալական աջակցությունը բավարար չէ։
«Սոցիալական քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն ունի, այն պետք է լինի ավելի հասցեական»,-հավելեց նա:










