ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնահարցին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարևորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարևորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորումը և արդյունավետ աշխատանքը:
Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի և հարևան երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Կարծում եմ` խորհրդարանական դիվանագիտությունն անկեղծություն է ենթադրում. այն դասական դիվանագիտություն չէ: Այսօր աշխարհը բարձր է գնահատում այն երկրները, որոնք ոչ թե խնդիրներ են ստեղծում աշխարհի համար, այլև իրենք զարգանալով` նպաստում են քաղաքակրթության, ժողովրդավարության զարգացմանը: Հայաստանը նույնպես ձգտում է ունենալ իր ներդրումը քաղաքակրթության առաջընթացի մեջ` առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով»:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային այդ հարցում ունեցած դիրքորոշման համար և փաստել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում. հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` այսօր Հայաստանն օրինակելի է շատ երկրների համար` որպես անվտանգության երաշխիքներն ապահովող պետություն:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ՀՀ ԱԺ նախագահի հետ իր զրույցը սկսել է հայերենով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` դեսպանը նշել է, որ իր երկարամյա գործունեության ընթացքում չի հանդիպել ավելի ակտիվ, եռանդուն, անկեղծ բարեկամական խմբերի, ինչպիսիք են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավոևված բարեկամական խմբերը: Ֆրանսիայի դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել առավել զարգացնելու և խորացնելու հարաբերությունները Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև, միջազգային հարթակներում դյուրին դարձնելու հայ խորհրդարանականների շփումները: Նա նշել է, որ Հայաստանն իր զինանոցում ունի մի շարք հաղթաթղթեր` երկիրն առավել զարգացնելու համար:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն արդիականացնելու, առևտրատնտեսական շփումներն ակտիվացնելու, Հայաստանում ֆրանկոֆոնիային նոր շունչ հաղորդելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը և զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության խթանմանը վերաբերող մի շարք հարցերի:










