Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն վաղ թե ուշ տեղի կունենա. Հարավային Օսիայի նախագահ
Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն վաղ թե ուշ տեղի կունենա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է մասամբ ճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:
Նա նշել է, որ կարծում է՝ այդ հանրաքվեն պետք է անցկացվի, միևնույն ժամանակ հավելելով, որ երբ կար դրա անցկացման իրական հնարավորությունը, այն բաց են թողել, և այսօր պետք է ամեն ինչ սկսել նորից:
«Ամեն ինչ պետք է բերել նրան, որ այդ հանրաքվեն մեզ արդյունք տա»,- ասել է Բիբիլովը:
Նա հավելել է, որ քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել Հարավային Օսիայի և Ռուսաստանի քաղաքական գործիչների հետ:
«Հարավային Օսիայի Հանրապետության նախկին նախագահի հետ անցած տարվա պայմանավորվածությունն այն մասին, որ 2017 թվականին մենք պետք է ընտրություններից հետո հանրաքվե անցկացնենք, իհարկե ակտուալ է մնում: Բայց առանց Հարավային Օսիայի և ՌԴ-ի քաղաքական ուժերի, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ խորհրդակցությունների, մինչև չանցկացնենք խորհրդակցությունները և չորոշենք մեր ապագայի ճանապարհային քարտեզը, իհարկե, դժվար կլինի ինչ-որ քայլ ձեռնարկել: Բայց ես կրկին հայտարարում եմ՝ ոչ մեկ չի ժխտում հանրաքվեի անցկացման գաղափարը, Հարավային Օսիայի ժողովուրդը ցանկանում է այն անցկացնել, և մենք դրան վաղ թե ուշ կգանք»,- ասել է Բիբիլովը:










