Նյու Յորքում շինությունները կանաչով են «պատվել»՝ ի նշան Թրամփի կլիմայական որոշման դեմ բողոքի (լուսանկարներ)
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հրահանգել է նահանգի մի շարք հայտնի շինություններին կանաչ լուսավորում տալ՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման դեմ բողոքի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նույնպիսի հրաման է տվել նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Նրա կարգադրությամբ քաղաքապետարանը ևս կանաչ լուսավորում է ստացել:
Նյու Յորքի քաղաքապետն իր թվիթերյան էջում գրել է, որ Փարիզյան համաձայնագրից դուրս գալը մահացու սխալ էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Համաշխարհային առաջնորդներն արձագանքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշմանը՝ իրենց խոր հիասթափությունն ու ափսոսանքը հայտնելով այս առնչությամբ:
Թրամփի որոշման վերաբերյալ իրենց հիասթափությունն են հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի ղեկավարները, Եվրոպական միությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Մինչդեռ Վատիկանը հայտարարել է, որ Թրամփի քայլը «մեծ ապտակ էր Հռոմի պապի երեսին» ու «իսկական աղետ բոլորի համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարեր 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:
Հայտնի է, որ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրին չմասնակցող երկրները 3-ն են՝ ԱՄՆ-ն, Նիկարագուան և Սիրիան:















