Իրաքցի զինվորը, վտանգելով կյանքը, ԻՊ կրակահերթից փրկել է անօգնական կնոջը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ինչպես է իրաքցի զինվորը վտանգում իր կյանքը՝ կրակահերթի տակ հայտնված կնոջը փրկելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման և Իրաքի կառավարական բանակի բախման կիզակետում՝ Մոսուլում:
Տեսանյութում ներկայացված է այն պահը, երբ իսլամիստ ահաբեկիչները կրակ են բացել տասնյակ կանանց ու երեխաների ուղղությամբ՝ իրական թիրախ ունենալով կառավարական բանակի պահակախմբին: Նրանցից մեկը՝ մի տարեց կին, գերհոգնածության, հյուծվածության պատճառով վայր է ընկնում՝ անպաշտպան մնալով մահաբեր փամփուշտների առաջ:
Այդ պահին զինվորներից մեկը՝ առանց զենքի, զրահաբաճկոնի ու պաշտպանիչ գլխարկի, վազում է օգնության կարիք ունեցող կնոջ մոտ: Վայրկյաններ անց նրան են միանում մյուս ծառայակիցներն ու համատեղ ջանքերով ապահով վայր տեղափոխում սևազգեստ կնոջը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրաքի կառավարական ուժերն անցած տարվա հոկտեմբերից իրականացնում են երկրի 2-րդ ամենամեծ քաղաքի՝ 2014թ.-ից ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլի ազատագրման գործողությունը:
Այժմ թեժ մարտեր են ընթանում Հին քաղաքի թաղամասում, որն առանձնահատուկ նշանակություն ունի իսլամիստների համար, քանի որ այնտեղ գտնվող Մեծ մզկիթում է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հռչակել, այսպես կոչված, խալիֆայությունը: Մոսուլն Իրաքում ԻՊ-ի վերջին պատվարն է, որի ազատագրումը կազդարարի ինքնահռչակ խալիֆայության վերջը:
Հայտնի է, որ Մոսուլի ազատագրման գորոծողության շրջանակում սպանվել է մոտ 16.000 իսլամիստ գրոհային, ևս 8.000 զոհ է գրանցվել խաղաղ բնակչության շրջանում:

















