Ֆիլիպիններում խաղատանն իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ)
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում զինված տղամարդու՝ Resorts World Manila ժամանցային համալիրի խաղատուն ներխուժումից ու ներսում անկանոն կրակահերթի իրականացումից զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 36-ի:
Ինչպես նշում է Reuters-ը, թեև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իրականացված հարձակման պատասխանատվությունը, այնուհանդերձ՝ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի խոսնակ Էռնեստո Արաբելան հայտարարել է, որ դա ահաբեկիչների ձեռքի գործը չէ և իրականում գողության փորձ էր:
Արաբելայի խոսքով՝ իշխանությունները դեռևս որևէ ապացույց չունեն առ այն, որ հարձակումը կապ ունի երկրի հարավում գլուխ բարձրացրած իսլամիստ գրոհայինների հետ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ սպանվածները գտնվել են խաղատան գլխավոր խաղասրահում: Նշվում է, որ սպանվածներից 13-ն աշխատողներ են, մնացածը՝ այցելուներ, մինչդեռ տուժածների թիվը հասել է 54-ի:
Հայտնի է, որ ավելի ուշ իրավապահները հյուրանոցային համարներից մեկում հայտնաբերել են հրաձիգի այրված դին: Ենթադրաբար, նա իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել:










