Թրամփը ցանկացել է չեղարկել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները նախագահության առաջին իսկ օրերին. Yahoo News

13:52 • 02.06.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է  եղել չեղարկել Բարաք Օբամայի իշխանության օրոք Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ինչպես նշում է Yahoo News-ը, այս մասին հայտնել են անանուն աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ այդ հարցում Թրամփի թիմին խանգարել են Օբամայի վարչակազմի անդամները:

Նշվում է, որ Սպիտակ տուն գալուց հետո 70-ամյա հանրապետականը հրահանգել է Պետդեպին քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու և դիվանագիտական գույքը վերադարձնելու վերաբերյալ:

Անցանկալի զարգացումներից խուսափելու համար Պետդեպի որոշ աշխատակիցներ դիմել են Կոնգրեսին՝ խնդրելով ընդունել պատժամիջոցների չեղարկումն արգելող օրենք: Արդյունքում փետրվարի 7-ին Կոնգրեսում ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ:

Օբամայի նախկին օգնական Թոմ Մալինովսկին Yahoo News-ի հետ զրույցում հաստատել է, որ Թրամփի վարչակազմն իրոք նման մտադրություն է ունեցել: Նա նաև հավելել է, որ Սպիտակ տունը ծրագրել էր հանդիպում անցկացնել Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Սպիտակ տան ներկայիս աշխատողներից մեկն անձի գաղտնիության պայմանով հայտնել է, որ Թրամփի վարչակազմն իրոք ցանկացել է չեղարկել սահմանված պատժամիջոցները, սակայն դա վերաբերել է ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ մյուս երկրներին: