Ավելի քան 50 կոնգրեսական պահանջում է Թրամփի փեսային զրկել գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից

10:50 • 02.06.17

Ավելի քան 50 կոնգրեսական ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից զրկելու պահանջով նամակ է ստորագրել։ Այդ մասին ասված է կոնգրեսական Ջերոլդ Նադլերի կայքում, հայտնում է gazeta.ru-ն:


«Ռուս գործակալների հետ Ջարեդ Քուշների բազմաթիվ շփումների մասին վերջերս հայտնված հաղորդագրությունները՝ շփումներ, որոնց մասին Ջարեդ Քուշները չի հայտնել, ահազանգ են, որ նախագահի վարչակազմը հրաժարվում է ազնիվ և թափանցիկ լինել ԱՄՆ քաղաքացիների հետ»,- ասված է Նադլերի հայտարարությունում:


Այդ առնչությամբ նա կարծում է, որ պետք է անմիջապես չեղարկել Քուշների հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը:


Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ 36-ամյա Քուշները Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ կապվել է ռուս պաշտոնյաների հետ ու առաջարկել Մոսկվայի հետ կապի ուղիղ խողովակ ստեղծել: