Ուֆայում հարբած տղամարդը փողոցից վերցրել է մարդկանց վախեցրած պիթոնին ու փախել

12:58 • 02.06.17

Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայի բնակիչները պիթոն են հայտնաբերել բնակելի շենքերից մեկի մոտ, և մինչ փրկարարները փորձել են բռնել նրան, հարբած տղամարդը վերցրել է այն ու անհետացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին: Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ բնակելի տան մոտակայքում հսկայական օձ է հայտնաբերվել:

«Փրկարարները մեկնել են դեպքի վայր: Նրանք մայթին հայտնաբերել են օձ, ենթադրաբար՝ պիթոն: Մինչ փրկարարների ժամանումը, օձի մոտ հավաքվել է մարդկանց խումբ, և ոմանք ցանկացել են տուն տանել նրան: Մինչ փրկարարներն ավտոմեքենայից հանել են անհրաժեշտ գործիքները, տղամարդկանցից մեկը բաճկոնով վերցրել է սողունին և փախել: Ենթադրաբար, տղամարդը սթափ չի եղել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փրկարարները մտադիր են եղել օձին տեղափոխել տերարիում: