Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն իսկական հիասթափություն է. Գուտերեշ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ուներ, որ ԱՄՆ կառավարության հետ համագործակցություն կլինի «կայուն ապագայի ստեղծման համար, սակայն կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն իսկական հիասթափություն է, հայտնել է Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուժարիկը։
Նրա խոսքով ՄԱԿ գլխավոր քարտուղարն այնուամենայնիվ վստահ է, որ ԱՄՆ նահանգներն ու ձեռնարկությունները մյուս պետությունների հետ կաշխատեն ցածրածխածնային տնտեսական աճի ուղղությամբ, ստեղծելով 21-րդ դարի որակյալ աշխատատեղեր ու բարգավաճման շուկաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը ավելի քան 2 աստիճանով:










