Հալեպի բնակիչները մաքուր ջուր կգտնեն հատուկ հավելվածի միջոցով
Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն բջջային հավելված է մշակել Հալեպի բնակիչների համար, որն օգնում է գտնել մաքուր ջուր ապահովող մոտակա աղբյուրը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԿԽՄԿ-ի փոխնախագահ Քրիստին Բերլին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Հալեպում մենք սերտորեն համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են ջրամատակարարման համար, ինչպես մյուս քաղաքներում, և նրանք իսկապես փորձում են անել ամեն ինչ և օգնել մարդկանց տներ վերադառնալ», - ասել է Բերլին։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ը Հալեպում վերականգնել է մաքուր ջրով մոտ 65 ջրհոր։ «Եվ դրանից հետո մենք ստեղծել ենք բջջային հեռախոսի հավելված, որպեսզի ջրամատակարարումից զրկված տների բնակիչները հնարավորություն ունենան պարզել՝ որտեղ է գտնվում իրենց թաղամասի մոտակա ջրհորը և որտեղ կարելի է մաքուր ջուր գտնել», - ասել է փոխնախագահը։
Բերլին նաև ասել է, որ հավելվածը շատ օգտակար է սիրիացիների համար։ «Նույնիսկ պատերազմական վիճակում գտնվող երկրներում բոլորն օգտվում են բջջային հեռախոսներից։ Եվ այժմ սա պետք է հաշվի առնել։ Օրինակ, միգրանտներ հոսքերին պետք է տրամադրել ոչ միայն ջուր և սնունդ, այլ նաև վայրեր, որտեղ նրանք կարող են լիցքավորել իրենց հեռախոսները։ Տեղեկատվությունը նույնքան կարևոր է, ինչքան սնունդը», - հավելել է նա։










