Մոտ երեք շաբաթ հետո կսկսվի Պոլսո պատրիարքարանի ընտրությունների անցկացման գործընթացը․ Սահակ Մաշալյան
Մոտ երեք շաբաթ հետո կսկսվի Պոլսո պատրիարքարանի ընտրությունների անցկացման գործընթացը, իսկ մինչ այդ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը և Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը կլինեն Էջմիածնում: Այս մասին Tert.am-ին հաղորդեց Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
«Նախևառաջ տեղապահ սրբազանն իր գործերը պետք է կատարի՝ Հայաստան պետք է գա այս շաբաթ, հետո Գերմանիա պետք է վերադառնա: Հավանաբար, տասն օր հետո նա կվերադառնա Ստամբուլ և կսկսենք պատրիարքարանի գույքի և ֆինանսական միջոցների փոխանցումը, այսինքն՝ տեղապահի պաշտոնականացումը: Հետո պետք է նախաձեռող մարմին կազմվի, և այսպես ամառվա ընթացքում կսկսվի պատրիարքի ընտրությունների անցկացման գործընթացը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը, նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը, գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Սակայն մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ Արամ Աթեշյանը Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների ու բարերարների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է իր հրաժարականի մասին:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ երեկ երեք ժամանոց խորհրդակցություն է եղել Գարեգին Բեքչյանի և Արամ Աթեշյանի միջև, խոսակցության մասնրամասները նրանք չենք ցանկանում հաղորդել, բայց, ըստ Սահակ սրբազանի, հստակ է, որ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդի իր պաշտոնը թողնելու է, և տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանն ընդունելու է այն:
Գարեգին Բեքչյանի և Արամ Աթեշյանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նախքան պատրիարքի ընտրությունների գործընթացին մեկնարկ տալը, Սահակ Մաշալյանը պատճառաբանեց՝ ընթացակարգն է պահանջում: «Մայր աթոռը կարևորում է, որ իր բոլոր եպիսկոպոսներն իր կողքին լինեն»,- ասաց նա:
Դեռ ընտրությունների անցկացման օրվա մասին հստակ նշել, ըստ Սահակ Մաշալյանի, անհնար է: Նրա խոսքով՝ նախ պետք է կազմվի ընտրություններն անցկացնող հանձնախումբը, որը բաղկացած է լինելու 15-21 հոգանոց խմբից. այնտեղ ներառվելու են մարդիկ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ դասից: Վերջիններս թաղային ատենապետեր և բարերարներ են:
«Հիմա համայնքում կրքերը հանդարտվել են, քանի որ պետությունն ընդունել է պատրիարքի ընտրությունների անցկացումը, և տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը պաշտոնապես պետք է ընտրություններն անցկացնի: Պայքարն ու կրքերը դրանց համար էին»,- ասաց նա:










