Լամբադա կամրջի մոտ կողաշրջված թիվ 23 ավտոբուսի հոսպիտալացված ուղևորներից 9-ը դուրս են գրվել
Երեկ Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 տուժած: Հիվանդանոցից Tert.am-ին հայտնեցին, որ նրանք բոլորն էլ դուրս են գրվել:
Արաբկիրի մանկական հիվանդանոցից էլ հայտնեցին, որ իրենց մոտ տուժածներ չկան:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացին ևս դուրս է գրվել: Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածը ստացել էր պոլիտրավմա, գլխի գագաթային ծոծրակային շրջանի սալջարդված վերք, աջ ուսահոդի սալջարդ, թիակի կոտրվածք: «Ամբուլատոր ձևով ինքը ստացել է օգնություն և դուրս է գրվել: Այնպիսի տրավմաներ չէին, որ հարկ լիներ նրան ստացիոնար ընդունել այստեղ»,-հայտնեցին հիվանդանոցից:
Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3, 4 և 12 տարեկան երեխաները: «3 և 4 տարեկան երեխաները հետազոտվել են, առանձնակի շեղումներ չեն հայտնաբերվել, նրանք տեղափոխվել են տուն: Իսկ 12 տարեկան երեխան վիրաբուժական բաժանմունքում է, վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, հսկողության տակ է»,-ասաց ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանը և նշեց, որ երեխան այսօր կամ վաղը դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա չի կարողացել կառավարել ավտոբուսը, այդ իսկ պատճառով ավտոբուսը, հարվածելով մայթին, կողաշրջվել է։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Երևան քաղաքի Տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 25 մարդ, վթարի հետևանքով տուժել են նրանցից 10-ը, այդ թվում՝ վարորդը: Տուժածները տեղափոխվել են երևանյան հիվանդանոցներ:










