ՄԻԵԴ–ն ընդունել և գրանցել է Երևանի մետրոպոլիտենի 3 նախկին աշխատողների հայցադիմումը. փաստաբան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել և գրանցել է Երևանի մետրոպոլիտենի երեք նախկին աշխատողների` Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի ու Անդրանիկ Գևորգյանի հայցադիմումը, որոնք 3 տարի առաջ զրկվեցին աշխատանքից և դատական ատյաններում վիճարկում էին աշխատանքից ազատվելու գործատուի որոշումը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը, ով ներկայացնում է նրանց շահերը:
«Հաջորդիվ ՄԻԵԴ-ում լինելու է գործի կոմունիկացիոն փուլը, կարծում եմ՝ իմ պաշտպանյալների իրավունքները ՄԻԵԴ-ը ոտնհարաված կհամարի, Հայաստանի դատարանները իրականացրել են ոչ-օբյեկտիվ և կողմնակալ դատաքննություն: Մենք հայցադիմումը ձևակերպել ենք, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, խտրական մոտեցում է ցուցաբերվել՝ և՛ խոսքի ազատությունն է խախտվել, և՛ սեփականության իրավունքը»,-շեշտեց նա։
Քրիստինա Գևորգյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալներն աշխատանքից զրկվել են Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո, տնօրինությունը, չգիտես ինչու, վտանգ է տեսել դրանում:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ մետրոպոլիտենի ղեկավարության՝ բեկանելով դատական առաջին ատյանի որոշումը, որով անհիմն էին համարվել ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին աշխատանքից հեռացնելու հրամանները, իսկ Վճռաբեկ դատարանը մետրոպոլիտենի նախկին աշխատողների բողոքը վարույթ չէր ընդունել:
Ազատման հրամանում աշխատանքից հեռացնելու հիմք է նշված Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, այն է՝ «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»:
Նախկին աշխատակիցներից Սևակ Հովհաննիսյանը մինչև հիմա չի կարողանում մշտական աշխատանք գտնել՝ այդ հոդվածի պատճառով, մյուս երկուսին աշխատանք գտնել հաջողվել է:










