Հիմա մաքուր ջրի համար «պատերազմներ» են համայնքներում. Ինգա Զարաֆյան
ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագիրը Հայաստանի համար անհրաժեշտ, շտապ միջոցառում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ծրագիրն, իրականում, կապ չունի աղբի, կոշտ թափոնների կառավարման հետ:
«Զուտ տուրիզմի զարգացման տեսանկյունից սա անհրաժեշտություն է, շտապ միջոցառումներ են, որոնք պետք են արագ իրականացվեն: Մենք աղբի կառավարման բաղադրիչներ չունենք, չեմ էլ պատկերացնում, թե երբ կարող ենք ունենալ: Աղբի կառավարումը մեծ գումարների ներդրման գործ է, բիզնեսի հարց է, իսկ մենք որևէ քայլ չենք անում, որ նման բիզնեսը մեր մոտ զարգանա, ներդրումներ լինի: Աղբը միշտ հավաքում են աչքից հեռու մի տեղ՝ աղբավայրում, սակայն աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չի կատարվում»,- ասաց Զարաֆյանը:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ուշադրություն հրավիրեց բնապահպանական այլ խնդիրների վրա, որոնք հանքարդյունաբերության հետևանք են: Բնապահպանը մատնացույց արեց, որ յուրաքանչյուր 1 հեկտար շահագործվող հանքի դիմաց աղտոտվում է 10 հեկտար միջավայր:
«Հանքարդյունաբերության արդյունքում Հայաստանի ջրային պաշարները, ռեսուսրը պակասել է: Մեզ մոտ ամեն մի հանքի հետևում մի բարձրաստիճան պաշտոնյա է, ու իրենց անօրինականություններն ամեն կերպ փորձում են կոծկել: Վերջերս գնացել էինք Գլաձոր համայնք, ու եթե սկսի շահագործվել «Գլաձոր» բազմամետաղային հանքն, այնտեղի մեծ քանակությամբ ծծումբը, որն ագրեսիվ էլեմենտ է, կսկի գործել, մինչդեռ մենք այնտեղ ունենք Վերնաշեն համայնքը, որը մեր ազգային բրենդն է դարձել։ Պետք է դիմադրենք նման ճնշմանը, մանավանդ, որ այսօր ունենք 30 հանք, որից 8-ը շահագործվում է, նաև 21 պոչամբար կա։ Մի քանի տարի անց մեր փոքրիկ երկրում կունենանք 10 տոկոս աղտոտված տարածք»,- ահազանգեց բնապահպանը:
Ինգա Զարաֆյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ջրի պաշարներին ու որակին և նկատեց, որ մենք արդեն անցել ենք սակավաջուր երկրների ցանկ, իսկ նախկինում միջին մակարդակի երկրների ցանկում էինք. «Հիմա մաքուր ջրի համար «պատերազմներ» են համայնքներում, ու խնդիրը գնալով խորանում է, սա նույնպես հանքարդյունաբերության հետևանք է»,- նշեց նա:
Վերջինս անդրադարձ կատարեց նաև Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին: Նրա խոսքով՝ 30 միջազգային փորձագետ շատ լավ ուսումնասիրել է ծրագիրը և բացասական գնահատական տվել: Ըստ Զարաֆյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը զուտ քաղաքական որոշում է եղել։ Նրա հավելեց, որ հանքի շահագործումը վտանգում է նաև Սևանա լիճը և նկատեց, որ ծրագիրը 10 տարվա շարունակականություն ունի:










