ՀՀ-ում ԵԱՀԿ-ի «այլ ձևով» գերազանց աշխատելու մասին Գերմանիայի դեսպանի հայտարարությունը դրական մեսիջ է. Ստեփան Գրիգորյան

21:53 • 06.06.17

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարությունը, թե Հայաստանում ԵԱՀԿ-ն կարող է գերազանց աշխատել նաև այլ ձևով, վերլուծաբան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը որակում է որպես շատ լավ և կարևոր հայտարարություն:

«Քանի որ Գերմանիայի դերը և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ԵԽ-ում շատ մեծ է, երբ նման հայտարարություն է անում Գերմանիայի դեսպանը՝ դա պետք է արձանագրենք որպես դրական մեսիջ»,-ասաց նա:  

Ստեփան Գրիգորյանը թեև նշեց, թե հստակ չի կարող ասել՝ կոնկրետ ինչ ձևեր է նկատի ունեցել դեսպանը, բայց ինքը ենթադրում է, որ դա կլինի բանագնացների ձևով: «Այսինքն՝ ԵԱՀԿ ներկայացուցիչները գալիս են, ինչ-որ ծրագրեր են իրականացնում և գնում: Այսինքն՝ օրինակ՝ այդ ծրագիրն իրականացվում է կես տարի, իրենք մարդ կուղարկեն, ով Երևանում կնստի ՀԿ-ների կամ կառավարության հետ, կիրականացնի և կհեռանա»,-ասաց նա:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավարը նշեց, թե շատ կարևոր են այն գումարները, որ տալիս են ՀՀ-ին: «Ընդ որում՝ դրանցից նաև պետական ինստիտուտներն էին օգտվում՝ պետծառայողների թրեյնինգներ՝ նաև ՀԿ-երի համար, որոնք զբաղվում էին մարդու իրավունքների, ԶԼՄ-ների զարգացման ոլորտներով»,- ասաց նա՝ նշելով, որ համամիտ է, այդ ձևը միանշանակ չի կարող փոխարինել նրան, երբ կենտրոնը Երևանում էր գտնվում:

«Մենք նախ ունեինք 50-60 անդամից բաղկացած տեխնիկական, փորձագիտական մեծ կազմ և պարզ է, որ չեն կարող շարունակել աշխատել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, օգտագործելով իր կոնսենսուսի իրավունքը, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը դեմ էր քվեարկել՝ պատճառաբանելով, թե ԵԱՀԿ-ն ականազերծում է իրականացնում ՀՀ սահմանամերձ տարածքներում: Չորս ամիս շարունակ կառույցի ղեկավարությունը փորձում էր հարթել իրավիճակը, սակայն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից մայիսին հաղորդեցին, որ իրավիճակը փակուղային էր, իսկ այն լուծելուն ուղղված ջանքերն ապարդյուն են եղել: