«Թումո Կողբ»-ը 600-1000 ուսանողի կընդունի Կողբից, Նոյեմբերյանից և հարակից բնակավայրերից

15:46 • 06.06.17

 

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում այսօր տեղի ունեցավ տեխնոլոգիական «Թումո Կողբ»-ի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսվում է, որ «Թումո Կողբ»-ը կընդունի 600-1000 ուսանողներ Կողբից, Նոյեմբերյանից, հարակից բնակավայրերից: Ծրագիրը իրականացվում է «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց, որ նախագիծը խորհրդանշական է, ունի մի շարք կարևոր բաղադրիչներ։

«Առաջին բաղադրիչը, որ ցանկանում եմ նշել, կրթականն է, որը երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու համար, թերևս, ամենակարևոր գործիքն է: Երկրորդ կարևոր հանգամանքը տարածաշրջանային զարգացման խնդիրն է: Սա ևս մեկ նախագիծ է, որը նպաստում է Երևանից դուրս մարզերի զարգացմանը: Այս իմաստով՝ մենք կարծում ենք, որ Կողբի և հարակից այլ բնակավայրերի համար «Թումո-Կողբ» նախագիծը շատ լուրջ նշանակություն է ունենալու»,-մանրամասնեց նա:

Ըստ նրա՝ կենտրոնը կարևոր բաղադրիչ ունի նաև անվտանգության տեսանկյունից, նախագծի շրջանակում համագործակցություն է լինելու նաև բանակի հետ,առավոտյան ժամերին կենտրոնն օգտագործվելու է նաև զինծառայողների կողմից»,- շեշտեց նա։

«Հուսով եմ, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների խաչմերուկում գտնվող կենտրոնը ապագայում կընդունի նաև սովորել ցանկացող վրացիների և, ինչու ոչ, ադրբեջանցիների»,-ընդգծեց նա:

Կենտրոնի շենքի նախագիծն արդեն հաստատված է, որի հեղինակն է բեյրութցի ճարտարապետ Բեռնար Խուրին, ով նաև Երևանի «Թումո»-ի ներքին հարդարման հեղինակն է: Կենտրոնում կիրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը, կդասավանդեն հիմնական բովանդակությունն ապահովող բաժնի՝ ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև կհրավիրվեն միջազգային մասնագետներ:

Կենտրոնի շինարարության և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են «Կողբ» հիմնադրամի «Թումո»-ի, «Յուքոմ» և «Mission Enfance» ընկերությունների մասնավոր բարեգործների նվիրատվությունների հիման վրա: Կենտրոնում պլանավորվում է անցկացնել «Թումո»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողներին: